Ֆուտբոլային աշխարհում համաշխարհային լրատվության միջոցները ում ուր ասես չեն փոխադրում` իրենց հավաստիացումների համար հիմք ընդունելով «ստուգված» կամ «հավաստի» աղբյուրները ու նույն թեթևությամբ էլ հաջորդ օրն իսկ հերքելով նախօրեին այնքան վստահորեն հավաստի կամ ստույգ հորջորջվածը: Առայժմ այդ «տեղափոխություններից» դուրս է մնացել Մադրիդի «Աթլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ում համար ընթացիկ տարին պարզապես ֆանտաստիկ է դասավորվում: Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության ինը խաղում նա դարձել է արդեն իսկ տասը գոլի հեղինակ, սուպերգավաթի պայքարում երեք անգամ գրավել է «Չելսիի» դարպասը, ևս չորս գոլի հեղինակ է այս անգամ իր երկրի ազգայինի կազմում:
«Իմ մտքով երբեք չի անցել «Աթլետիկոյից» հեռանալը,- կոլումբիացուց մեջբերում է անում Football Espana-ն:- Ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից: Ակումբն ունի իր կարիքները և, հասկանալի է, որ ամեն ինչ կախված է արդյունքներից: Գործոնները շատ են: Ես միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ այստեղ: Միգել Անխել Մարինն («Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն- Մ. Հ.) ասում էր, որ եթե մենք չհայտնվենք Չեմպիոնների լիգայում, ակումբի համար դժվար կլինի ինձ պահպանելը: Սակայն ակումբը, համենայն դեպս, արեց դա» (նկատի ունի Չեմպիոնների լիգայում հայտնվելը- Մ. Հ.):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ